Երեկվա արտահերթ նիստն ԱԺ-ում անցավ անսպասելի լարված, կառավարության կառուցվածքային փոփոխությունների հարցը հարուցեց այնքան բուռն կրքեր, որ նույնիսկ կիրառվեց վաղուց «մոռացված» բոյկոտի մարտավարությունը՝ ՕԵԿ խմբակցությունը հայտարություն արեց ու հեռացավ դահլիճից: Իշխանության հետ համագործակցութան մեջ անտեսված ընդդիմությունը մեղադրում էր, իշխանությունը դիմադրում, ՀՅԴ-ն պաշտպանվում: «Ամեն ինչ արդեն վաղուց պարզ է, ինչո՞ւ այդպես ստացվեց»՝ հարցրի ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին՝ նա նույնպես ելույթ էր ունեցել երեկ:
-Ես ուշադիր լսեցի բոլոր հարցերը, մտահոգությունները, փաստարկները ու ասեմ անկեղծ՝ բավականին հիասթափված էի: Նախ` ՀՀԿ-ին մամուլում տևական ժամանակ, նաև դահլիճում մեղադրում էին, թե ինչու է գործընթացը ձգձգվում, կամ էլ՝ ինչո՞ւ եք շտապում, մենք էլ համարյա «արդարանում էինք», որ լուրջ խնդիրները լուրջ վերլուծություն են պահանջում, որ կատարվողը խորքային քաղաքական գործընթաց է, պաշտոնաբաժանում չէ: Հարցնեմ նրանց, ովքեր դեռ այնպիսի հարցեր են բարձրացնում, որոնց պատասխանները այս ամբողջ ընթացքում մի քանի անգամ տրվել են, ի՞նչը պարզ չէ: Ո՞վ է սահմանում օրինական է, թե ոչ երկու անկախ քաղաքական ուժերի համագործակցության ձևի, ժամանակի ու նպատակի հարցերը: Ո՞ր օրենքով է գրված՝ ե՞րբ կարող են այդ ուժերը համագործակցել, ե՞րբ իրավունք չունեն: Կա՞ նման օրենք: Ես չգիտեմ: Այո, կա ավանդույթ, որ կոալիցիաներ կազմվում են խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ միջազգային քաղաքական ավանդույթ: Բայց դա սահմանափակո՞ւմ է քաղաքական ուժերին ընտրություններից առաջ իրենց ուժերը միավորելու ծրագրերը, արգելո՞ւմ է, որ նրանք միասին ցանկանան լուծել այն խնդիրները, որոնք համարում են, որ միասին ավելի արդյունավետ, արագ ու լավ կլուծեն: Քաղաքական խանդը քաղաքական չկայացածության արտահայտություն է, ինչպես խանդն ընդհանրապես մարդու չկայացածության, սեփական ուժերին անվստահության դրսևորում է: Կա փաստ՝ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն որոշել են միատեղել իրենց ուժերը և ռեսուրսները, ու դա պետք է ընդունել իբրև քաղաքական իրականություն: Ես ընդունում եմ, որ բոլորն ազատ են իրենց տեսակետների ու գնահատականների մեջ, բայց ինչո՞ւ վերագրել մեզ, կամ՝ ՀՅԴ-ին նպատակներ ու խնդիրներ, որ մենք չունենք ու չենք կարող ունենալ: Դա ստիպում է ասել՝ ձեր մտահանգումները մի պարտադրեք մեր համագործակցությանը, ձեր ճանապարհով գնացեք ու մի քարկոծեք ուրիշների ճանապարհը: Սա խնդրանք չէ, սա զարգացած քաղաքական մշակույթի կանոնները պահպանելու պահանջ է, որի մասին փետրվարի 12-ի իր ելույթում խոսեց ՀՀ ու ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Ընդհանրապես, նորից կարդացեք այդ ելույթը և շատ հարցերի պատասխաններ կստանաք՝ ոչ միայն ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության վերաբերյալ, այլև՝ մեր պետության զարգացման ճանապարհների ու հնարավորությունների: Քաղաքականությունը մրցակցություն է ու այդպիսին է եղել միշտ, հաջողության հասնում են այն ուժերն ու անհատները, որ ոչ թե անընդհատ ու միալար ասում են՝ սա սխալ է, սա վատ է, սա անօրինական է, սա ուշ է, սա շուտ է, սա անօգուտ է, այլ այդ ասելուց հետո անմիջապես ասում են՝ որն է ճիշտ ու որն է լավ, որ իրենց մեջ ուժ են գտնում իրենց նոր գաղափարները առաջադրելու և հնարավորություններ՝ հասարակությանը համոզելու, որ հենց իրենց գաղափարներն են ավելի մրցունակ ու արդյունավետ, ավելի օգտակար, տեղին ու ժամանակին: Կներեք ինձ ակամա «քաղպարապմունքի» համար: Կարծում եմ՝ վաղուց հասել է ժամանակը, երբ մեր գործողություններն ու քայլերը պետք է չափանիշենք ոչ թե անցյալով, այլ ապագայով:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ